ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Հայաստանում ստեղծվում են նոր արտադրական ձեռնարկություններ, որոնք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին»

«Հայաստանում ստեղծվում են նոր արտադրական ձեռնարկություններ,  որոնք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին»
08.06.2012 | 00:20

Գերմանիայի բնության, շրջակա միջավայրի պահպանության և միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է «Աջակցություն արտադրական անվտանգության վերաբերյալ գիտելիքների հարստացմանը բարձրագույն ուսումնական հաստատություններում» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Էկո Փիս» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում օրերս անցկացվեցին մասնագետների վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցում էին դասախոսներ Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններից, մասնագետներ ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունից և Երևանի «Օրհուս» կենտրոնի գրասենյակից: Դասընթացները վարում էին Գերմանիայից ժամանած միջազգային փորձագետները:
«Գերմանիայում մշակվել է ստուգիչ թերթիկների հատուկ մեթոդոլոգիա, որը թույլ է տալիս ստուգել և գնահատել արտադրական ձեռնարկությունների պոտենցիալ վտանգավորության աստիճանը: Այն ներկայումս կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում, որպես արտադրական անվտանգության բաղկացուցիչ մաս: Ծրագրի նպատակն է այս փորձը տեղայնացնել Հայաստանում,- մեզ հետ զրույցում ասաց «Էկո Փիս» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար և պատասխանատու ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
«Հայաստանում ստեղծվում են նոր արտադրական ձեռնարկություններ, որոնք պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Միաժամանակ միանալով Բոլոնյան կրթական գործընթացին, բարեփոխումներ են անցկացվում նաև կրթական ոլորտում»,- ավելացրեց նա:
Նախատեսված է նման դասընթացների անցկացում ուսանողական խմբի համար: Ծրագիրն ակնկալում է նաև բուհերի համապատասխան մասնագիտական բաժիններում այս մեթոդոլոգիայի հնարավոր կիրառում, ինչը հնարավորություն կտա, որ ուսանողները, արտադրական ուսումնական պրակտիկայի շնորհիվ, հետզհետե թափանցեն արտադրական ձեռնարկություններ:
Թե ոլորտում մեզ մոտ ինչ թերացումներ ու խնդիրներ կան, Քրիստինե Սահակյանը չցանկացավ մանրամասնել, միայն նշեց, որ արտադրական ձեռնարկությունները գտնվում են հիմնականում սեփականատերերի ձեռքում, և դրանց անվտանգ գործունեության վերահսկումը ցանկացած ձեռնարկատիրոջ համար առաջնային խնդիր է:
Քրիստինե Սահակյանի խոսքով` սեմինարն անցկացվեց երկրաբանական թանգարանում, քանի որ երկրաբանական և բնապահպանական հարցերը փոխշաղկապված են: «Փորձեցինք օգտակարը հաճելիի հետ համատեղել, որպեսզի տեղի և օտարերկրյա մասնագետները հնարավորություն ունենան ծանոթանալու Հայաստանի ընդերքին, ինչը ևս կարևոր է արտադրական անվտանգ գործունեություն կազմակերպելու համար»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանում ծրագրի իրականացմանն աջակցում են ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև Հայաստանի ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանները, որոնք էլ ընտրվել են որպես ծրագրի մոդելային ուսումնական հաստատություններ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ